Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան
առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի կարևորությունը, անդրադարձել ԱՄՆ Պետքարտուղարության
կողմից Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող զեկույցներին:
Հանդիպման
շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք
աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրները, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական
զինված ուժերի ներկայության ու գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում
մարդու իրավունքների խախտումները։
Պաշտպանն
այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել
մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:
Անդրադարձ
է կատարվել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների
իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց և հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Պաշտպանն
ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության
խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Իր հերթին,
Ջոն Ալելոն շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու
առթիվ:
Առաքելության
տնօրենը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները:
Կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: