Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի
ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 8-ին, հյուրընկալել են Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22
երեխայի և մասնագետների։
Պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը,
իրավասությունների շրջանակը, ինչպես նաև քննարկել երեխաների իրավունքների
պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Երեխաներին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա
գործող թեժ գիծ ծառայության և Պաշտպանին դիմելու մյուս բոլոր հնարավոր
տարբերակների մասին, որոնց միջոցով նրանք կարող են բարձրաձայնել իրենց հանդիպող
խնդիրները։
Երեխաները հնարավորություն են ունեցել Անահիտ Մանասյանին ուղղել
բազմաթիվ հարցեր երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունների, կրթություն ստանալու,
կարծիք հայտնելու, բռնության դեպքերի, բուլինգի դրսևորումների, ինչպես նաև իրենց
իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ թեմաների վերաբերյալ։