Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին
ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և
լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի
բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով
առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր:
Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ
բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության ավտոմեքենայի և բուժանձնակազմի
թիրախավորմանը՝ ընդգծելով, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի
ակնհայտ խախտում է։
Խոսելով Նիդերլանդների հետ համագործակցության մասին՝ Անահիտ
Մանասյանը կարևորել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ 2022 թվականի
նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ կողմերն
իրականացնում են «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական
հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը,
որը ֆինանսավորում է Թագավորության կառավարությունը։
Պաշտպանը Դեսպանին ծանոթացրել է նաև կառույցի գործունեության
առաջնահերթություններին, որոնց թվում են երեխաների, կանանց և հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, խտրականության բացառումը:
Իր հերթին, դեսպանը՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու
իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարևորում
դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև արդյունավետ
փոխգործակցությունը։
Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու
պայմանավորվածություն են ձեռք բերել։