Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի
պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու
իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր:
Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը
նշել է, որ ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների
պաշտպանությունը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական
գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ փաստացի զրկվել են կրթություն
ստանալու իրենց իրավունքից:
Պաշտպանն անդրադարձել է տիրող հումանիտար ճգնաժամին, ներկայացրել
շրջափակման և Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման արդյունքում Արցախահայության
խնդիրները:
«Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում
հայրենիք վերադառնալ, նաև հակառակ իրավիճակն է, երբ Հայաստանում գտնվող
արցախցիներն են բախվում նույն խնդրին: Այդ մասին Պաշտպանի թեժ գծին գրեթե ամեն օր
ահազանգեր են ստացվում: Մարդու իրավունքներին վերաբերելի այս և այլ խնդիրների,
անվտանգային հարցերի առնչությամբ պարբերաբար զրույց եմ ունենում Արցախի Մարդու
իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ: Ստեղծված իրավիճակն իրոք ծայրահեղ
ծանր է, անհրաժեշտ է հրատապ երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը», -
նշել է Պաշտպանը:
Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի
հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր մակարդակներում:
«Մեր ունեցած տվյալնեը հիմնված չեն միայն մեկ աղբյուրից ստացվող
տեղեկության վրա: Ամենօրյա մշտադիտարկման են ենթարկվում ադրբեջանական մեդիադաշտն
ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր
մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի և պետական տարբեր բարձրաստիճան
պաշտոնյաների մակարդակով»,- ասել է Պաշտպանը:
Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է այս
ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունն ու փաստերն ամրագրող արտահերթ
զեկույցները, անդրադարձել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների
հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումներին:
Փոլ Գավանը Հայաստանում է գտնվում «Լաչինի միջանցքի շրջափակման
հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով
փաստահավաք առաքելությամբ: