Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի
արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին և փոխդեսպան Էրիկ Թինտրուպին։
Ողջունելով
հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտանեկան բռնության կանխարգելման, երեխաների իրավունքների
պաշտպանության, ինչպես նաև կանանց կարողությունների և ներուժի զարգացման ոլորտներում
իրականացվող ծրագրերը։ Այս համատեքստում կարևորվել է Մարդու իրավունքների պաշտպանին
առընթեր կանանց, երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհուրդների գործունեությունը։
Անահիտ
Մանասյանը հատուկ անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների
արդյունքում վեր հանված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների
հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին, Լաչինի միջանցքի
շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, ինչպես նաև ռազմագերիների ու
անհետ կորած անձանց խնդիրներին։ Բացի այդ, պաշտպանը ներկայացրել է Հայաստանում կալանավորված
ադրբեջանցի զինծառայողներին իր այցի մանրամասները. նրանց իրավունքների ապահովման վիճակը
և պահման պայմանները։
Հանդիպման
շրջանակում քննարկվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն
առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանը դեսպանին է ներկայացրել նաև օրերս Ստրասբուրգ կատարած
այցի մանրամասները։
Դեսպան
Ռիխտերն իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության
ստանձնման առթիվ և բարձր գնահատել Պաշտպանի գործունեության ոլորտային առաջնահերթությունները։
Ընդգծվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՄԻՊ
աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի
կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք առաջնահերթություն ունեցող
մի շարք ոլորտներում ամրապնդել և ընդլայնել փոխգործակցությունը: