Այսօր` մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով
հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի
հետ:
Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին:
Նա ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին,
անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնական
իրավունքներին վերաբերելի չափանիշների պատշաճ իրացման կարևորությունը, ինչպես նաև
ատելության խոսքի բացառման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև
ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ
բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից
Լաչինի միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար
իրավիճակը:
Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ
աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն
ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների
պատվիրակության կազմով մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցում է «Վճիռների
կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ
քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։