Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել «ՀՀ քրեական և
քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց
լուծման օրենսդրական և ինստիտուցիոնալ հեռանկարները» թեմայով քննարկմանը։
Պաշտպանը շեշտել է, որ
մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց կարևոր է քրեական և
քրեադատավարական պատշաճ օրենսդրություն ունենալը և նշել, որ նոր օրենսդրությունն
այս տեսանկյունից բավականին առաջադեմ կարգավորումներ է առաջարկում։ Միևնույն
ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ առանցքային նշանակություն ունի
անհրաժեշտության դեպքում օրենսդրության կատարելագործումը։
Պաշտպանը նաև ընդգծել է,
որ ինչպես իրավական նորմերի կիրառումը, այնպես էլ օրենսդրության ցանկացած
փոփոխություն պետք է ամբողջությամբ համապատասխանեն մարդու իրավունքների թե՛
ներպետական և թե՛ միջազգային չափանիշներին։
Աշխատաժողովը
նախաձեռնվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ու ՄԱԿ-ի
Զարգացման ծրագրի կողմից: Մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների,
Բարձրագույն դատական խորհրդի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և դատավորներ,
որոնք ներկայացրել են իրենց գործունեության արդյունքում նոր օրենսգրքերի կիրառման
առնչությամբ արձանագրված խնդիրները։