Այսօր՝ մայիսի 4-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն
ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ
Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի աշխատակազմի հետ
ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունները, երեխաների իրավունքների
պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Պաշտպանի դերն այդ ոլորտում։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն
մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի
կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները։
Երկուստեք կարևորվել է դրանց ուղղությամբ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև
օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի բարելավումը։
Կողմերն անդրադարձել են նաև բուլինգի հիմնախնդրին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի
աջակցությամբ ՄԻՊ-ի կողմից դրա վերաբերյալ ընթացիկ փուլում ուսումնասիրության
արդյունքում վերհանված խնդիրներին։ Պաշտպանի խոսքով՝ ուսուցիչ-երեխա
փոխհարաբերություններն այստեղ շատ կարևոր են և այս տեսանկյունից մանկավարժների
կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների անհրաժեշտություն կա։
Անդրադարձ է կատարվել նաև ռազմական գործողությունների հետևանքով
տուժած համայնքների երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Անահիտ Մանասյանն
ընդգծել է՝ սահմանամերձ բնակավայրերն այս տեսանկյունից խոցելի են և ունեն հատուկ
ուշադրության կարիք։
Քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների
հարցերով հասարակական խորհրդի գործունեության և դրա դերի զարգացման, Երեխաների
պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման հետ
կապված հարցեր։