Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է «Երևանի
զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական
քոլեջ» ՊՈԱԿ-ի սաներին:
Պաշտպան Անահիտ Մանասյանն առաջին կուրսի շուրջ 40 ուսանողի
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության
հիմնական ուղղությունները:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն ու կառույցի
ներկայացուցիչները պատասխանել են ուսանողների հարցերին, անդրադարձել մարդու
իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերին: Ընդգծվել է
հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես
սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի կարևորությունը:
Հյուրերին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի
լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, «Երեխայի
իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց
պաշտպանության կառուցակարգերը, ինչպես նաև երեխաների՝ Պաշտպանին դիմելու
հասանելիությունն ու մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները, ինչը
հնարավորություն է տալիս երեխաներին ուղիղ կապի միջոցով բարձրաձայնել հանդիպող
խնդիրների մասին՝ նպաստելով առավել արդյունավետ արձագանքմանը:
Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց
հուզող հարցերը և քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի
շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատության, մտքի և կրոնի
ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության,
ինչպես նաև իրավապահ մարմիների հետ առնչության դեպքում երեխաների իրավունքներին
վերաբերող մի շարք հարցեր։
Հնչել են նաև բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում
անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի
շրջանակում էլ ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու»
իրավունքի իրացման եղանակները, ինչպես նաև բռնությունը չհանդուրժելու և չթաքնցելու
կարևորությունը։
Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ-ի դռներն
ուսանողների առջև միշտ բաց են։
«Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և դառնալու են
բարի ավանդույթ»,- հավելել է Պաշտպանը: