Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել
են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման
դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են
բողոքի քննարկման ընթացակարգեր:
ՄԻՊ աշխատակազմում նշված դեպքերով իրականացված ուսումնասիրությունները,
քաղաքացիների հետ տեղի ունեցած առանձնազրույցներն ու արդյունքում վերհանված
խնդիրները պարունակում են բռնության և ոչ համաչափ ուժի կիրառման առերևույթ
դրսևորումների վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ:
Դրանց շրջանակում վերջնական դիրքորոշումն ու արդյունքները հնարավոր
կլինի ամբողջական ամփոփել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական
օրենքով նախատեսված կարգով իրավասու պետական մարմիններից համապատասխան
պարզաբանումներ ստանալուց հետո:
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է.
բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի
հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր
ներկայացուցչի համար:
Իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն իրենց ծառայողական
պարտականությունները կատարելիս պետք է դրսևորեն պատշաճ և իրավաչափ վարքագիծ՝
հարգելով քաղաքացիների, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց
արժանապատվությունը և երաշխավորելով նրանց հիմնական իրավունքների իրացումը:
Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն համաչափ,
ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես
օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ
համապատասխան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյան