Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն
ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։
Տիկին Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում, և
ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝
ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների
պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների
պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով
Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։
Դեսպան Կալյուրանդը իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանի
Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել
Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝
ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի
գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը։