Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը Նիդերլանդներում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի կողմից կազմակերպած արհեստական բանականության և մարդու իրավունքների հարաբերակցության վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչների բարձրաստիճան հանդիպմանը
Մարտի 30-ից 31-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը Ամստերդամում մասնակցել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գրասենյակի կողմից կազմակերպված արհեստական բանականության և մարդու իրավունքների հարաբերակցության վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների բարձրաստիճան հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների և իրավահավասարության մարմինների ավելի քան 30 ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձը, մարտահրավերները և խոստումնալից պրակտիկան հանձնակատարի՝ 2019թ․ «Արհեստական բանականության. 10 քայլ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը» խորագրով առաջարկությունների իրականացման առնչությամբ։
Մտքերի փոխանակման ժամանակ Դունյա Միյատովիչը ընդգծել է արհեստական բանականության համակարգերի էական ազդեցությունը մարդկանց կենսամիջավայրի և մարդու իրավունքների ապահովման միջոցների վրա՝ ի թիվս այլոց, սպառնալիքներ ներկայացնելով անձնական կյանքի անձեռնմխելիությանը, հավասարությանը, արդարադատության հասանելիությանը, և կարևորել է մարդու իրավուքների պաշտպանության ազգային հաստատությունների մանդատը՝ երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը այդ նորարարական գործընթացների ընթացքում:
Մասնակիցները մատնանշել են արհեստական բանականության օգտագործման առավել համապարփակ և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների անհրաժեշտությունը և ընդգծել կարևոր մարտահրավերները՝ թափանցիկության և որոշումների կայացման ավտոմատացված համակարգերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիության տեսանկյունից։
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ արհեստական բանականության նախագծումը, զարգացումը և տեղակայումը պետք է վերահսկվի մեկ կամ մի քանի մարմինների կողմից, որոնք լիովին անկախ են, ունեն համապատասխան ռեսուրսներ։ Այս գործընթացում մեծապես կարևորվել է վերոնշյալ մարմինների համագործակցությունը մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ:
Աննա Կարապետյանը առանձնազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշպանության վիճակը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգին և այդ առումով հաստատության մարտահրավերներին։