Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած փլուզման դեպքերի առնչությամբ:
Տասնվեց անձի կյանք խլած (ևս մեկ անձ համարվում է անհետ կորած) պայթյունի վերաբերյալ իրականացված ուսումնասիրություններն ամփոփվել են արտահերթ զեկույցում, որի շրջանակներում, մասնավորապես հավաքագրվել, վերլուծվել և ամփոփվել են 2022 թվականի օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցած պայթյունի վերաբերյալ ստացված տեղեկությունները, ինչպես նաև Պաշտպանի կողմից մատնանշվել են իրավասու պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունները: Միաժամանակ, զեկույցի շրջանակներում քննարկման առարկա են դարձվել օգոստոսի 14-ի պայթյունին հաջորդած սեպտեմբերի 21-ի փլուզումը և այդ առնչությամբ իրավական մեխանիզմների գործադրման հնարավորությունները։
Զեկույցի նախապատրաստման ընթացքում կատարված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ մինչ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգողական գործողություններ և արձանագրվել են մի շարք խախտումներ, մինչդեռ, ընդհուպ մինչև պայթյունի վրա հասնելը չեն ձեռնարկվել միջոցառումներ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջների կատարումը ստուգելու ուղղությամբ:
Միաժամանակ, պայթյունին հաջորդած փլուզման դեպքի առնչությամբ արձանագրվել է, որ ՀՀ իրավական համակարգում առկա չեն բավարար օրենսդրական կառուցակարգեր հանրությանը վտանգ սպառնացող գույքի ապամոնտաժման ուղղությամբ օպերատիվ և արդյունավետ միջոցառումների ձեռնարկման համար:
Պաշտպանն արձանագրված խնդիրների վերաբերյալ ներկայացրել է առարկայական առաջարկություններ առկա բացերը լրացնելու, ինչպես նաև համանման իրավիճակներին արձագանքելու արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ նախատեսելու առնչությամբ: