Դեկտեմբերի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի` պայմանավորել են իրականացնել «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից։
Ծրագրի նպատակն է, ի թիվս այլ գործողությունների, նախնական իրազեկվածության բարձրացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և օրենսդրական փոփոխությունների առաջարկման միջոցով խթանել գենդերային հավասարությունը Հայաստանի իրավապահ համակարգում՝ այդ թվում նպաստելով ՀՀ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության ընդլայնմանը։
Պաշտպան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին համագործակցության համար՝ ընդգծելով ծրագրի իրագործման կարևորությունը։ «Այսօր հպարտ ենք սկսելու մի կարևոր համագործակցություն, որով կկարողանանք կոտրել կանանց դերի մասին առկա կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն նաև իրավապահ համակարգերում»,- նշել է Պաշտպանը։
Դեսպան Ջոն Գալագերը ևս շնորհակալություն է հայտնել Պաշտպանին մարդու իրավունքների բնագավառում իրականացված աշխատանքի համար։
Հանդիպմանը ներկա է եղել ՄԹ Արտաքին գործերի նախարարության Կենտրոնական Ասիայի և Արևելյան հարևանության երկրների բաժնի ղեկավարի տեղակալ Քեյթի Դանը:
Պաշտպանը պատասխանել է հնչեցված հարցերին, ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող մարտահրավերները, խոսել է տևական ժամանակ Լեռնային Ղարաբաղում տարբեր խնդիրների պատճառով շրջափակման մեջ գտնվող մարդկանց իրավունքների վիճակի մասին, ներկայացրել սահմանամերձ համայնքներում կոնֆլիկտային իրավիճակների հետևանքով տուժողների՝ այդ թվում կանանց իրավունքների խնդիրները, անդրադարձել խոցելի խմբերի իրավունքներին, անդրադարձել խտրականության ու գենդերային բռնության դեմ պայքարի խնդիրներին։
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է նաև ՄԻՊ-ի մանդատի և առաջնահերթությունների մասին, նշել, որ կատարված աշխատանքներն ամփոփվում են հաստատության տարեկան և արտահերթ զեկույցներում։