Հոկտեմբերի 24-ին Սոֆիա քաղաքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Վերանայելով օրենքի գերակայության շուրջ համատեղ աշխատանքի մոտեցումը» խորագրով Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան հանդիպմանը։ Հանդիպումը նպատակ ուներ ինտերակտիվ քննարկում անցկացնել մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան փորձագետների միջև՝ միտված ազգային և տարածաշրջանային մակարդակում օրենքի գերակայության ոլորտում ENNHRI-ի կողմից իրականացվող աշխատանքների արդյունվետության բարձրացմանը ENNHRI-ի 2022-2025 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում՝ հաշվի առնելով Եվրոպայում օրենքի գերակայության ներկայիս վիճակը և առկա մարտահրավերները։
Բարձրաստիճան հանդիպմանը ներկայացվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների կողմից իրականացվող գործողություններն՝ ուղղված երաշխավորելու օրենքի գերակայությունը և առաջարկություններ ներկայացնելու պետական իշխանություններին:
Հանդիպման ընթացքում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի Օրենքի գերակայության 2022թ. զեկույցում ամփոփված հարցերին և առաջարկություններին։ Իր ելույթում Պաշտպանն առաջարկել է ցանցին հաջորդիվ Օրենքի գերակայության տարածաշրջանային աշխատանքի համատեքստում կենտրոնանալ դատական իշխանության անկախությունը երաշխավորող անկախ մարմինների քաղաքականացման միտումներին, ինչպես նաև Հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատավարությունների (Strategic litigations against public participation-SLAPP) ֆենոմենին՝ հիմք ընդունելով թե՛ եվրոպական և թե՛ ազգային մակարդակներում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։