Հուլիսի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել Եվրասիայի միջազգային համալսարանում տեղի ունեցած ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է համառոտ ծրագիրը, որը բաղկացած է ներածական և խորացված դասընթացներից և որոնք դասավանդելու են տեղական և հրավիրյալ միջազգային դասախոսներ ու փորձագետներ:
Պաշտպանն իր խոսքում նշել է, որ առանց սահմանների ու կաղապարների կրթությունն անձի զարգացման, արժանապատիվ կյանքի ու իր և այլոց իրավունքները լավագույնս պաշտպանելու կարևոր երաշխիք է։
Շատ հաճախ մեր հասարակության որոշ ներկայացուցիչներ կարծիքներ են արտահայտում, որ անվտանգությունն ու մարդու իրավունքների համակարգը պետության, հասարակության համար ընտրության տարբերակներ են, սակայն մեր կյանքում վերջին զարգացումները ևս մեկ անգամ փաստեցին, որ չկա անվտանգություն առանց մարդու իրավունքների և չկան ու երաշխավորված չեն կարող լինել մարդու իրավունքներն առանց կայուն ու հուսալի անվտանգության։ Ուստի, անվտանգությունն ու մարդու իրավունքներն իրար փոխլրացնող ու փոխպայմանավորող բաղադրիչներ են։