Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե
Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Դեսպանը շնորհավորել է
տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել
է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել
այն շարունակելու իր պատրաստակամությունը:
Դեսպանը
հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների
զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու
տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների
ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։
Պաշտպան
Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական
անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր
ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում
պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց
ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական
հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս
է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական
անձանց հայրենադարձման ուղղությամբ։
Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև
սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով,
այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։