Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե
Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ
դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։
Պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային
գործընկերներին և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպնության ոլորտում Պաշտպանի
աշխատակազմի Սահմանադրական մանդատի ընձեռած անկախության երաշխիքները և ինստիտուտի
նկատմամբ հանրային բարձր վստահությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր նպաստը բերել Շվեդիայի զարգացման
միջազգային գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող ծրագրին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են
Հայաստանում դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն իրազեկվածության, դատարանների և
լրատվամիջոցների արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացմանը
միտված ծրագրի գործնական քայլերը, որի նպատակն է բարձրացնել հանրային
վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանն իր դիտարկումներն
է ներկայացրել գործընկերներին դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի,
միասնական վիճակագրության բացակայության, ինչպես նաև դատավորների նկատմամբ
կարգապահական վարույթի ընթացակարգերի վերաբերյալ։
Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել
ոստիկանության, քննչական մարմինների, դատախազների և դատավորների ներգրավմամբ համատեղ
վերապատրաստումների հնարավորությունը՝ որպես որոշ տեսակի գործերով քննության
արդյունավետության երաշխիք։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկնարկող
ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են
հայտնել։