Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորների եմ ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու հրատապությունը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը մանրամասն հիմնավորել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հիմքերը․ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը:
Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Հատուկ ուշադրություն եմ հրավիրել իմ փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալներին, համաձայն որի՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:
Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:
Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:
Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան