Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքականությունը,
վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ:
Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից
պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն`
կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա
ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք
արձանագրել:
Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով
մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:
Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր
գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել:
Ծաղրել են կրոնը:
Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության
հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:
Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը
միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:
Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից,
այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:
Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների
խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից
հետո:
Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս
հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց
չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար,
որ թե՛ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և
իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան