Ինձ համար արդեն անցած
2021թ. ընթացքում մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ
սպառնալիքներից են եղել`
1. ՀՀ այն բարձրաստիճան
պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված
ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և
ՀՀ-ն ոչինչ անել չի կարող:
Նրանցից մեկն էլ անգամ
ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի
ճանապարհահատվածների
պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված:
2. Այդ պաշտոնյաները
նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ
խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով
անվտանգությանը:
Խոսքս նաև վերաբերում է
բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր
զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը:
3. Այդ պաշտոնյաների
հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի
բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել
մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար:
4. Այդ բարձրաստիճան
պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց
նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն:
Այսինքն` դասական
օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի
անվտանգությանն ու մարդու իրավունքներին:
5. Այդ բարձրաստիճան
պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է
հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն:
Ոչ ոք իրավունք չունի
անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ:
Հ.Գ. Մեր հայրենակիցների
նկատմամբ վայրագություններ արել ու շարունակում են անել ադրբեջանական զինված
ծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և
պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան