Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության շրջանակներում կազմակերպել է մասնագիտական երկօրյա քննարկում «Քրեակատարողական հիմնարկներում և ազատազրկման այլ վայրերում հոգեկան առողջության խնդիրներ և կախվածություն ունեցող իրավախախտների իրավունքները և պաշտպանությունը» խորագրով։
Երկօրյա մասնագիտական քննարկումները վարել են գերմանացի փորձագետներ Սիլվիա Հավլիչեքը և Թինա Հյուբները։ Միջոցառումն իրականացվել է հիբրիդային ֆորմատով։
Ծրագրի ընթացքում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական պիտակավորման (ստիգմատիզացիայի) և խտրականության վերացման մեխանիզմները, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց համար պատասխանատու հաստատությունների բացթողումների և խնդիրների արձանագրումն ու հաշվառումը, լուծումներ գտնելու մեթոդները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և գերմանացի փորձագետների միջև փորձի այս փոխանակման առաջնային նպատակը մասնակիցների կարողությունների զարգացումն ու գերմանական փորձին ծանոթանալն է։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի (տնօրեններ, փոխտնօրեններ, բժիշկներ), Հայկական հոգեբուժական ասոցիացիայի, ՀՀ առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։