Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել են հետպատերազմական շրջանում սահմանային բնակիչների իրավունքներին:
Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ ընդգծելով անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծման պարտադիրությունը:
Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը անհրաժեշտ առաջարկների ու հիմնավորումներով անընդհատ ներկայացնում է նպատակային կոնկրետ հարթակներում՝ միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին։ Ադրբեջանական զանգվածային ապատեղեկատվությունը նպատակ ունի ստվերել մարդու իրավունքների խնդիրները և այդ կերպ հարցերը դիտարկել միան քաղաքական ու ռազմական տեսանկյունից:
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ: