ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն
այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան
Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն
Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր
Ռիխտերին:
Արման Թաթոյանը
կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների
կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։
Նա նշել է, որ
2020թ. նոյեմբերից սկսած ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի
սպառնալիքի ներքո՝ առանց որևէ հիմքի Գեղարքունիքում և Սյունիքում հայտնվել են
գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Բացի այն, որ
տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական
զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան և
Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը
հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:
Այլընտրանքային
ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի
իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել
քաղաքացիական բնակիչներին, տները:
Արման Թաթոյանը
շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց
տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված
գոտի:
Այս ամենին
ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու
թշնամանքի քարոզի քաղաքականությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք
ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:
Հանդիպմանը
քննարկվել են նաև դատական համակարգում առկա խնդիրները, Արման Թաթոյանը շեշտել է,
որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի
հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական
ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։
Պաշտպանն
անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների համակարգային
խնդիրներին: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական
նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ:
Կանանց
իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը ևս դարձել
են մանրամասն քննարկման առարկա։