Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների
հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները,
արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական
անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն
տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են
արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ
քարտեզների:
Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով
օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական
տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ
են գործում ՀՀ բնակչության նկատմամբ:
Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես
կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության անվտանգության
սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել
լիարժեք լուծումներ:
Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման
քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի
մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն:
Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից
ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով:
Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները
միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:
Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և
Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք
դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա
համար չեն պատժվել:
Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ
ոչ ադրբեջանական:
Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ
քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ:
Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ
նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝
բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց
կանխարգելման հրատապ անհրաժեշտություն:
Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու
իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են
անորոշությունը հասարակությունում:
Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային
անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև
այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշպանության պոզիտիվ
պարտավորություն:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան