Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով:
Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստացել է ցավազրկող դեղամիջոցներ, սակայն իր ցավերը չեն մեղմացել, և տվյալ պահին դրանք շարունակվում են: Նա տեղեկացրել է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չի կազմակերպվում իր վիրահատությունը:
Բողոքի քննարկման ընթացքում գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն: Տևական գրագրությունից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է:
Վիրահատությունից հետո Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ: Վերջինս գոհ է եղել իրականացված վիրահատությունից: