Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել
ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական
զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5
այծ:
Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող
քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել
և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի
իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները
հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների
տվյալներով:
Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին
տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել ու տեղում
ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու
ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերծանել է ահազանգի
հանգամանքները, որոնք այն մասին են, որ ՀՀ քաղաքացու սեփականության
հափշտակությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքից: Այդ հանգամանքները փոխակերպված են
սույն հայտարարությանը կից հրապարակվող քարտեզի հատվածի վրա:
ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս
հանցագործության ահազանգը պետք է դրվի Ադրբեջանի նկատմամբ մեր պետության
պահանջների հիմքում միջազգային հարթակներում: Այն կդրվի նաև ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի զեկույցների ու պահանջների հիմքում:
Մարդկանց պատճառվող առանձնապես խոշոր չափերի հասնող վնասների
հատուցումը կլինի ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ապահովման կարևոր
երաշխիք:
Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքները խախտում են ՀՀ
քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքները,
մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու
հնարավորությունից զրկելուն՝ անվտանգության խնդիրներին ավելացնելով սոցիալականը:
Ակնհայտ է, որ բոլոր հանցավոր ոտնձգությունների, մարդկանց
իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է.
ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու
ցեղասպան քաղաքականությունը:
Ուստի, պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ
անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված
ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից
անհապաղ հեռացնելու գործընթաց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել
միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի
(ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ
կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական
հասարակության կազմակերպություններին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան