2021 թվականի
9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել երեխաների
իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք 753 անձից:
Դիմում-բողոքները
հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը,
երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման
ապահովմանը և այլն:
Պաշտպանին
են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների
լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումն
չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ:
Խնամակալության
և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն
ունեն համակարգային բնույթ և տարիներ շարունակ չեն ստանում լուծում: Խնդիրները հիմնականում
վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները
ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացված որոշումների իրավաչափությանը,
ինչպես նաև վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի և այլ ազգականների
հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն
կամ ոչ պատշաճ ապահովելուն:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել
ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային և անհատական
բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաև հետագայում նման խնդիրների բացառումը:
Դիմում-բողոքների
ուսումնասիրության և քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական
և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ: Բացի այդ, Պաշտպանը տվյալ մարմիններից,
ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ,
ինչպես նաև օրենքով սահմանված կոնկրետ միջոցների ձեռնարկում:
Աշխատանքի
ընթացքում Պաշտպանի աշխատակազմն առանձնահատուկ կարևորել է ցանկացած իրավիճակում երեխայի
լավագույն շահերով առաջնորդվելու, յուրաքանչյուր երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության
կապակցությամբ ձեռնարկվող քայլերում անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: