ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային
դատարանների վարչության պատվիրակությանը:
Հանդիպման
ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված
նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։
Արման
Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին
դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են
դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է
հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։
Պաշտպանն
անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային:
Նա նշել է, որ ստացված բողոքների ուսումնասիրությունը
ցույց է տալիս, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որի
արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության
սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման
արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:
Խնդիրը
լուծում չի ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից
և Սահմանադրական դատարան դիմելուց հետո:
Նա տեղեկացրել
է նաև, որ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների
շրջանակում Պաշտպանը լիազորված է դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի
ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական
հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես
նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ:
Պաշտպանը
կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի դերը, հատկապես՝ դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ
վստահության բարձրացման հարցում և ընդգծել ԲԴԽ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպմանը
կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում
դատական համակարգի կատարելագործման ուղղությամբ։