ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների
հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել
է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի
ստեղծման կարևորությունը՝ համակարգային խնդիրների
լուծման համար:
Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում
ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը
երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով որ մեր հաստատությունն ունի
«A» միջազգային կարգավիճակ, հանդիսանում է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի
լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն
ու ղեկավար մարմինների աշխատանքներին:
«Ներառական հասարակության ստեղծումն
առաջնային է բոլորիս համար, քանի որ երեխան պետք է մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ
կարողանում են բացահայտել իր կարողությունները, գնահատում են նրա հնարավորությունները
և նպաստում են դրա զարգացմանը՝ անկախ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունենալու
հանգամանքից»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Պաշտպանը անդրադարձել է երեխաների
իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն
հրավիրելով ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացման կարևորությանը
և նշելով, որ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելու անհնարինության
պարագայում պետությունն առաջնահերթ պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի խնամքն ընտանիքահեն,
համայնքահեն միջավայրում կազմակերպելու համար՝ նրան այլընտրանքային խնամքով (խնամակալություն,
խնամատարություն, որդեգրում) ապահովելու միջոցով։
Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին կից Երեխաների իրավունքների
հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովային արդյունավետ համագործակցության համար: Պաշտպանն
ընդգծել է նաև ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկոլկովայի,
ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման
ընթացքում քննարկվել է անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում
փորձագետների համագործակցության կարևորությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել
ԱՊՀ անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության
փոխանակման պարզեցված ընթացակարգին: