ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպմամբ Միջերկրածովյան
օմբուդսմանների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Ժամանակակից
տեխնոլոգիաները և մեդիան օմբուդսմենի աշխատանքում» թեմայով առցանց համաժողովը:
Քննարկումներին մասնակցել են Ալբանիայի, Բելգիայի, Դանիայի,
Խորվաթիայի Կիպրոսի, Գերմանիայի, Հունաստանի Մալթայի, Իսրայելի և այլ երկրների մարդու
իրավունքների հաստատություններ:
Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
նշել է, որ մեր օրերում ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի
աղբյուր, ինչի շնորհիվ տեղեկությունը հասարակությանը ներկայացվում է առավել մատչելի
և արդյունավետ:
Բացման խոսքով հանդես է եկել նաև Միջերկրածովյան օմբուդսմենների
ասոցիացիայի նախագահ Անդրեաս Պոտակիսը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանին միջոցառման կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության
համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը
քննարկմանը ներկայացրել է hասարակության իրազեկման ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող
աշխատանքները և այդ աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիաները։
Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը
գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։ Համակարգում առկա են
300-ից ավելի հարցեր և պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։
Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած
այլ անձի՝ տրամադրում է խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն
և անգլերեն։
Մյուս կարևոր ծրագիրը Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած
իրազեկման արշավն է։ Դեմ եմ բռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել
ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները,
ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել
են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով
ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է նաև
ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել
Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:
Քննարկման մասնակիցները կարևոր են համարել փորձի փոխանակումը,
որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները։