Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են Կապանում և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում, որի նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները:
Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են կանանց իրավունքներին, նրանց տնտեսական և հատկապես ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, պատերազմից հետո անվտանգությանը և դրանց ազդեցությանը սոցիալական խնդիրների վրա, երիտասարդության կարիքներին և այլն:
Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսել է հիմնադրամի մանդատի և հիմնական աշխատանքային ուղղությունների մասին, ինչպես նաև հրավիրել է մասնակիցներին քննարկելու հասարակական կազմակերպությունների ոլորտի ներկա վիճակը, հիմնական խնդիրները, համատեղ աշխատանքի հնարավորությունները։
ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները, մտահոգությունները կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերաբերյալ և այլն:
Նրանք կարևորել են նաև քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ կապի ամրապնդումը և արդյունավետ համագործակցությունը:
Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում ընդլայնել համագործակցության ուղղությունները: