Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդու առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու հարցում:
Մասնավորապես, զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
Դիմումատուն նշել է, որ որդին ունի առողջական մի շարք խնդիրներ: Ըստ դիմումատուի՝ առողջական խնդիրների կապակցությամբ որդուն վիրահատություն իրականացնելու ցուցում է տրվել, սակայն մարտական գործողություններ սկսվելու պատճառով վիրահատությունը չի իրականացվել:
Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ մարտական գործողություններին մասնակցելուց հետո որդու առողջական վիճակը վատթարացել է: Բացի այդ, որդին ունի բարձր ջերմություն, հազ, մշտական թուլություն: Դիմումատուի պնդմամբ՝ նշված առողջական խնդիրների կապակցությամբ ծառայության վայրում հնարավոր չէ զինվորին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ և համապատասխան գործիքակազմ:
Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով ստուգել զինվորի ընթացիկ առողջական վիճակը, ստուգման արդյունքներով պայմանավորված՝ միջոցներ ձեռնարկել նրա առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու ու բուժում տրամադրելու ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ զինվորը մասնագիտական հետազոտման և բուժման նպատակով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժիշկ մասնագետների խորհրդատվությունները:
Արդյունքում, զինվորը վիրահատվել է։