Ադրբեջանական զինված ուժերի
իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից,
խոտհարքներից ու վարելահողերից:
Օրինակ` Կութ գյուղում
ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտսվայր 500 հա, խոտհարք
500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր
1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա:
Ավելին, այս տարածքների
անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ ադրբեջանական
նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում
են:
Ջաղացաձոր, Գեղամաբակ,
Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական
զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում
է խմելու և ոռոգման ջուրը:
Կութ գյուղում հունիսի
5-ին տեղի է ունեցել բնակիչների 80 խոշոր եղջերավոր կենդանիների գողությունը, որոնք
այդպես էլ մարդկանց չեն վերադարձվել, ինչպես նաև սպանել էին 4-ին: Խոսքը 5 ընտանիքի
պատկանող կենդանիների մասին է:
Կրակոցների պատճառով պարբերաբար
խախտում են Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքները, վնաս է պատճառվում ընկերության
ձեռնարկատիրական գործունեությանը:
Այս ամենը նշանակում է,
որ անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ:
Բոլոր տեղերում ամբողջությամբ
խաթարվել է մարդկանց խաղաղ ու բնականոն կյանք:
Ադրբեջանական կրակոցները
կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն
պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:
Միջազգային իրավունքով
արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը
պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը
վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի
այցը տեղի է ունեցել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Կութ և Նորաբակ վարչական
շրջանների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ
միասին:
Այցի արդյունքները կներկայացվեն
միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան
մարմիններին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպան