Այսօր
Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական
զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները և կատարում են
ՀՀ քաղաքացիական բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ:
Մասնավորապես,
այսօր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի
ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի
Սոթքից մինչև Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի
հրահրած կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին:
Այցի
ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողները տեղեկացրել են, որ
ադրբեջանական զինված ուժերը վերջին օրենքին կրակոցներ են արձակում հայկական
դիրքերի և մոտակա գյուղերի ուղղությամբ: Զինծառայողները հայտնել են նաև, որ
հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-04:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցներն
ավելի ինտենսիվ են դարձել:
Ընդ
որում, ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ,
այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և այլն:
Ադրբեջանական
զինծառայողները թիրախավորել են հայկական դիրքերի հարևանությամբ գտնվող
քաղաքացիական բնակավայրերը` Գեղարքունիքի գյուղերը, որոնց պաշտպանության
արդյունքում էլ հայ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ:
Այցի
ընթացքում ուսումնասիրվել են վիրավորում ստացած զինծառայողների բժշկական
փաստաթղթերը, նրանց առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի
հետ:Զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (ուսահոդի, դեմքի, ազդրի և
այլն), չորս զինծառայողներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են թեթև ծանրության,
երկուսինը՝ միջին, մյուսինը՝ ծանր:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները:
Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության
ներքո է:
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշում է, որ ադրբեջանական զինված
ուժերի ծառայողների կրակոցներն արձակվում են ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ,
այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական
կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան
կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու
խաղաղությունը:
Մարդու
իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական
իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների
խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և
վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:
Արման
Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպան