Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում
կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների
հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Նա ներկայացրել է այսօր
վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների
հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու
իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Արտյոմ Սեդրակյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական
բնակիչները, սկսած ուշ գիշերից, Պաշտպանի աշխատակազմին ահազանգել են այն մասին, որ
ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին
Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ: Նաև արձանագրվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում
գտնվող ադրբեջանական զինված անձինք կրակում են մարզի այլ գյուղերի ուղղությամբ նույնպես
(Սոթք, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա և այլն):
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ
համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված
ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի
ուղղությամբ: Ստացված փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ
հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր
պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում
ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների
խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում
ստացածների առողջությանը հասցված վնասի համար: