ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող
քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն
մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի
սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն:
Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները
կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի
ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների
շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին
պարբերաբար է բնակիչներից ստացնում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն
անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի
ուղղությամբ` խաթարելով ողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ
հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական
զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են
Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու
առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ
զբաղվել:
Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին`
նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու
անհրաժեշտության մասին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան