ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝
2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ
ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի
Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ:
Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի
Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված
ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել են տևական ժամանակ:
Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական
զինված ուժերի դիրքերից բացի արձակվել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Կրակոցները պարզ լսելի են եղել նաև Սոթք գյուղում և Գեղամասար համայնքի այլ
մասերում:
Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված
ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի
հանքավայրի աշխատակիցները:
Այն փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը
կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է
ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական
գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու,
մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ հողմակների
այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ կառավարության
2000թ. դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա
տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և այդ ընկերության
հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային
իրավունքների պետական գրանցումը:
Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում
ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրական
էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու
նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2
հողմակ:
Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են
2020թ. նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ
դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես
եկել 2021թ. փետրվարի 5-ին:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր նաև այն
մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 26-ին ՝վաղ առավոտյան ժամը 04:00-ի
սահմաններում կրակոցներ են արձակել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի
սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրի հարևանությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել նաև
այն մասին, որ որ ադրբեջանական զինված ուժերը, Գեղարքունիքից բացի, հուլիսի 26-ին`
ժամը 11:30-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև ՀՀ Արարատի մարզի Երասխ
համայնքի հարևանությամբ: Լսելի են եղել նաև գյուղում: Կրակոցները վերսկսել են նաև
ժամը 15:30-ից և մինչ այս պահը շարունակվում են:
ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նշված համայնքների անմիջական
հարևանությամբ ադրբեջանական կրակոցների փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ
սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի
(օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական
բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց
պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի
խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն:
Նկարագրված կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ
ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի
հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների
կյանքի իրավունքի խախտում է:
Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ
տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս
կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու
բնականոն կյանքը:
Գեղարքունիքի և Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական
կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան