Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:
Արման Թաթոյանը
ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների
խախտումների փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում
են, որ Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև
ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:
Պաշտպանը նշել
է, որ ադրբեջանական զինծառայողները պարբերաբար առաջացնում են բերքահավաք և խոտքաղ իրականացնելու
խոչընդոտներ, կատարում են կենդանիների գողություններ, հնչեցնում են բնակիչների նկատմամբ
սպառնալիքներ և այլն: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված
են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից,
անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Հանդիպման ժամանակ
Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների
վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ»
կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:
Նա նշել է, որ
հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են,
պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ
նախապայմանի:
Ադրբեջանական
իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով
գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով
լարվածություն հասարակությունում:
Պաշտպանը նաև
ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի
ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները:
Արման Թաթոյանը
ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում
Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Դրա ապացույցներից է նաև Բաքվում
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի»
բացումը:
Հանդիպման ավարտին
կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում։