Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է
կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների
պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ
ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է«խղճահար մոտեցում» կամ
«կարեկցանքից» ելնելով օգնություն:
Իրականում, խոսքը պետք է վերաբերի հաշմանդամություն ունեցող
մարդկանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքին, նրանց համար ինքնուրույն և անկախ
կյանքով ապրելու, հանրային կյանքին նրանց լիարժեք ներգրավման պայմաններ
ստեղծելուն:
Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ որպեսզի
հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել
իրենց իրավունքները՝ անկախ կյանքի հմտությունների շնորհիվ:
Պետք է գնալ խոչընդոտող միջավայրային արգելքները վերացնելու և
բոլորի հետ հավասար հիմունքներով նույն հնարավորությունները ստեղծելու ճանապարհով
(աշխատանքի հմտություններ և աշխատանքի պայմաններ, ենթակառուցվածքներ, վերաբերմունք
և այլն): Ընդ որում, պետք է այդ ընթացքում հաշվի առնել հաշմանդամության բոլոր
տեսակները, դրանց յուրահատկությունները:
Սխալ ընկալումների և կարծրատիպերի պատճառով է, որ շղթայական
ոտնահարվում են այլ իրավունքներ ևս, օրինակ՝ արժանապատվության, մասնավոր կյանքի,
տեղեկատվության ազատության երաշխավորումը:
Վիճակը հատկապես մտահոգիչ է չափահաս դառնալուց հետո մասնագիտացված
հաստատություններում հաշմանդամություն ունեցող սաների իրավունքների տեսանկյունից,
քանի որ նրանք առավել խոցելի են իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու,
հանրային կյանքին ներգրավվելու և հատկապես զբաղվածության ապահովման տեսանկյունից: Ընդ
որում, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ավելի են խորացել անկախ ապրելու և
համայնքում ներգրավվելու համակարգային խնդիրները:
Այս վիճակի պատճառով է, որ մարդիկ մեկուսանում են
հասարակությունից, զրկվում ինչպես համայնքում ներգրավվելու, այնպես այլ իրավունքների
իրականացման հնարավորությունից: