Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի երեկվա
կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի
հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական
2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին
է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները
Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության
վայրերը՝ սարատեղիները:
Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ
բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ:
Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ:
Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված
տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ
սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն
ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:
Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել
հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ,
եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ
կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում:
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների
այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության
կյանքի ու առողջությամբ համար:
Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ,
կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար
կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ
բնակիչների նկատմամբ:
2021թ. հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ
ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի
գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին
առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ
կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը
վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված
իրավունքների մասին է:
ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ
խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների
խորացմանը:
Ադրբեջանական կրակոցների փաստը այսօր նաև պաշտոնական
հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ
ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ
զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան