Ադրբեջանում
մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական
արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են:
Ադրբեջանական
իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու
արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ»
կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ
է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում
են ատելությամբ «քննարկումներով», գերիներին տանջելու, սպանելու կոչերով (ապացույցները
փաստագրված են):
Ակնհայտ
է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար
են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում
հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:
Մշտադիտարկումը
ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց
առևտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի
առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար
ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ
հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:
Ցանկացած,
այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ
ստեղծված շղարշջ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ
խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ
կոնվենցիան:
Առկա բոլոր
փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային
ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը:
Բոլոր
գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:
Արման
Թաթոյան
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան