Մարդու
իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության
հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել է Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի
քանդման հարցով ուսումնասիրություն:
Պաշտպանին
ուղղված հրապարակային բողոքով նշվել է, որ «ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2
մետր լայնությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն
խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը
ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ
թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ»:
«Հայաստանի
Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության դիրքորոշմամբ՝ Հայաստանի
ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան 515 տեղանոց մեծ դահլիճը, ոչ միայն զրկվել է հաշմանդամություն
ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար հարմարավետ մուտք ու
ելքից, այլև խոչընդոտվել է այն նախագծերի իրականացումը, որոնցով ՀԿ-ն նախատեսում է
Կինոյի տան մուտքին հարակից հրապարակում ստեղծել կանաչ ու մշակութային միջավայր:
Խնդրի
բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն
ահազանգի հիման վրա տեղում ծանոթացել են խնդրին:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների
միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Պարզվել
է, որ «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպությունը խնդրի կապակցությամբ
դիմել է տարբեր պետական մարմինների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանություն:
Ավելին՝ շենքի պարագծով գտնվող տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ
կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե, սակայն վերջինիս
պատասխաններից պարզ չէ, թե Կինոյի տան հարակից տարածքը համայնքային, թե մասնավոր սեփականություն
է: Այս պատճառով կազմակերպության համար անհասկանալի է, թե որ պետական մարմինն է իրավասու
իր կողմից բարձրացված խնդրի քննարկման և կարգավորման հարցում:
Այս պահի
ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում
է, որ քանդված թեքահարթակի փոխարեն կառուցված երկու թեքահարթակները (շենքի դիմային հատվածում և գլխավոր մուտքի աստիճանների)
մատչելի, հարմար և անվտանգ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Մարդու
իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում, որ Կինոյի
տան գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն
ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքը մատչելի, հարմար և անվտանգ կերպով՝
առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության և խտրականության:
Խնդրի
կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով գրություններ
կհասցեագրվի իրավասու
պետական մարմիններին:
Հիշեցնենք,
որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում է «Մարդու իրավունքների պաշտպանի
մասին» ՀՀ սահմանադրական օրենքով՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը,
ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության
գործառույթները: