Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության
անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով Մարդու իրավունքների
պաշտպանն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը`
1) Եվրոպական խորհրդի նախագահին.
2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին.
3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր
ներկայացուցչին:
Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն
Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի
համար:
Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են,
իսկ կալանավորումները` արգելված պատիժ:
Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները
մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:
Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների
ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց
պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:
Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց
քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական
շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների
մարդկային ապրումների մասին:
Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի
գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր
միջազգային պահանջ: