Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական
ցանցը (ENNHRI) հրապարակել է հոդված, որով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման
հարցում համարվել է առաջատար Եվրոպայում: Հայաստանի և Վրաստանի միջեւ սա եղել է երբևէ առաջին փորձը:
ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները
Եվրոպայում: Կառույցին անդամակցում է 40 ԵՄ և ԵԽ մարդու իրավունքների ազգային հաստատություն:
Ցանցը ծառայում է իբրև տարբեր ոլորտներում անդամների փորձի փոխանակման, աջակցման և
ընդհանուր խնդիրների համար արդյունավետ հարթակ:
Հրապարակման մեջ ներկայացվում է տեղեկություն միգրանտների,
ապաստան հայցող և միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների պաշտպանության
ոլորտում երկու կառույցների լիազորությունների վերաբերյալ: Քննարկվում է նաև պետական
սահմանի անցման կետերում մշտադիտարկման առումով համագործակցության և համատեղ աշխատանքի
սկզբունքները:
ENNHRI-ն՝ որպես դրական օրինակ, ընդգծել է երկու երկրներում
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակների դերը նշված համագործակցության
առումով: Վերոհիշյալ կառույցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն
ունի կայուն և արդյունավետ համագործակցություն: Այն, ի թիվս այլնի, միտված է ապաստան
հայցող անձանց ու փախստականների, ինչպես նաև տեղահանված անձանց ու միգրանտների իրավունքների
արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ապահովմանը՝ փորձի և տեղեկության փոխանակման
միջոցով:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմերի ու գործընկեր կառույցների կողմից
սահմանապահ ծառայողների և այլ պաշտոնատար անձանց վերապատրաստումներին:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ընդգծել է Սահմանապահ
զորքերի ծառայողների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հատկանշական
է, որ նրանց կարողությունների պարբերական զարգացումը կարևոր է առաջին հերթին միջազգային
պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից: