Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և
խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը
գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի
դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո:
Ա.Բաբաջանյանը տեղեկացրել է, որ այդ պահին քննություն իրականացնող
իրավապահ մարմինները եղել են իր տանը, իրականացրել համապատասխան գործողություններ:
Արման Բաբաջանյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ
հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չի բացառել, որ այսօրվա դեպքը կարող է
կապված լինել Երևանում հունիսի 18-ին տեղի ունեցած իրենց դաշինքի եզրափակիչ հավաքի
ընթացքում ելույթներում հնչած շեշտադրումների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դաշինքի
ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ
քվեարկության օրը:
Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները`
արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Արձանագրվել է,
որ Քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ, նշանակել է
դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն և կատարել այլ
դատավարական գործողություններ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ
գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների
պաշտպանի ուշադրության ներքո։