Մարդու իրավունքների պաշտպանի երկու դեպարտամենտների ղեկավարներ
Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը հունիսի 15-ին ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար պարոն Էողան Մերֆիի գլխավորած
պատվիրակությանը։
Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված
ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ
Սեդրակյանը ներկայացրել է աշխատակազմում ընտրությունների մշտադիտարկման նպատակով
ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, որը նախընտրական և հետընտրական
փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով:
Արտյոմ Սեդրակյանը նշել է մտահոգություններն այն ատելության խոսքի,
վիրավորանքի ու հայհոյանքների առնչությամբ, որոնք միմյանց ուղղում են քաղաքական
ուժերն ու նրանց համակիրները։ Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի
մշտադիտարկումը ցույց է տալիս, որ նման խոսքը տարածվում է սոցիալական ցանցերում,
համակիրների շրջանում, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը և իրական կյանք
տեղափոխվելու ռիսկեր է պարունակում։
Պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և
մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը ներկայացրել է
մշտադիտարկման արդյունքում արձանագրված տվյալները, այդ թվում՝ կապված ընտրակաշառք
բաժանելու, վարչական միջոցի չարաշահման, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու
հիմքով աշխատանքից ազատելու, պաստառների սխալ տեղակայման հետ և այլն։ Քննարկվել է
նաև Պաշտպանին հասցեագրվող՝ ընտրական իրավունքներին առնչվող բողոքները կամ ահազանգերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի
կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը։
Հանդիպման ընթացում կողմերը
պատրաստակամություն են հայտնել համագործակցության՝ ընտրություններին մարդկանց
իրավունքները երաշխավորելու նպատակով: