ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել
քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և
Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ
բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին`
նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են:
Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված
համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն
օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար: Այս
արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ
ադրբեջանական զինված ծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի
համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված
համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով
ամրագրված կյանքի իրավունքի խախտում է:
Բացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով
երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի
4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի
իրավունքի շարունակվող խախտում է:
Խախտված է նաև Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին
հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ ադրբեջանական զինվորականները
հենց օրինական պաշտոնական փաստաթղթերով մարդկանց պատկանող տներում կամ
հողատարածքներում են (Օրինակ` Որոտան, Շուռնուխ և այլն): Դա խաթարել է մարդկանց
ապրելակերպն ամբողջությամբ:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան