ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա
փաստահավաք աշխատանքները պարզել են, որ 2021թ. հունիսի 6-ին (այսօր)` ժամը 13:30-ի
սահմաններում ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի
մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ
20 ձիերը:
Մասնավորապես, հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել
են ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Ադրբեջանական զինված ծառայողները, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի
ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը:
ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ
է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը:
Դեպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի
արոտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական
բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին
(այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ):
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները
շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ սահմանային բնակիչների
նկատմամբ դրսևորում են բացահայտ հանցավոր արարքներ:
Նրանք, փաստորեն, ուղիղ դիտավորությամբ կրակ են բացում
ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ
զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու նպատակով:
Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ
այս հանցավոր արարքները սկսվել են, երբ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ
ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք
է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները
կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի
մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:
Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում,
որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող
այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց
ու թշնամանքի քաղաքականության հետ:
ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական
զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության
գոտու առկայություն:
Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է
իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու
հեռանկարները:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան