ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2021թ. հունիսի 5-ին ահազանգ է
ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում
արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ:
Պաշտպանի աշխատակազմի հրատապ փաստահավաք աշխատանքներով պարզվել է,
որ ադրբեջանական զինվորականները կրակահերթ են սկսեկ ցերեկը ժամը 12:30-ից 13-ի
սահմաններում այն պահից, երբ կենդանիները մոտեցել են արոտավայրում առկա գետակին և
ջուր խմել: Դա նրանց ջուր խմելու մշտական վայրն է: Ընդ որում, հովիվը, ինչպես նաև
կենդանիները գտնվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանական զինված ուժերն
այն հատվածում, որ ապօրինի ներխուժել են ՀՀ տարածք:
Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե:
Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու
ոտքը վնասվել է:
Արդյունքում, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմը, ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր
կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են:
Կութ գյուղի հովիվի ուղղությամբ հունիսի 5-ին ադրբեջանական զինված
ուժերի կրակելու փաստը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Կրակահերթը դադարել է ՀՀ զինված ուժերի պատասխան կրակից հետո: Այս
մասին նշել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական
զինված ծառայողների այս գործողությունները բացահայտ հանցավոր են: Նրանք, փաստորեն,
կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից,
անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Եվ այս
ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ
քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է
դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն
արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի
մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:
Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ
ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող
այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ
հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ:
Այդ միջադեպն ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում
մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու
հեռանկարները:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան